Ամուլսարի հանքը չի շահագործվելու, անգամ եթե Նիկոլ Փաշինյանները թուղթ են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

enlarge.jpg

Ամուլսարի տարածքում հանքավայր չի շահագործվելու, այդքան բան, ուրիշ ասելիք չկա։ Այս մասին 24News-ին ասաց «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագետ Լևոն Գալստյանը՝ անդրադառնալով Ջերմուկի Ամուլսարի հանքի շահագործման թեմային։



«Ուզում ա՝ քերոբյանները ստորագրեն, ուզում ա՝ փաշինյանները ստորագրեն, մինչև այդ էլ՝ սերժսարգսյանները, հովիկաբրահամյաններն էին ստորագրել, այդ տարածքում հանքի չի շահագործվելու»,- հավելեց Գալստյանը։ Իսկ եթե շահագործվելու փորձ կատարվի, ապա Գալստյանն ասաց, որ այդ ժամանակ կերևա, թե ինչ կանեն հանքի շահագործմանը դեմ հանդես եկողները․ «Ի՞նչ կլինի, Աստված առաջ, բնությունը մեր կողմից է, ժամանակը մեր կողմից է»։



Աշխարհագետն ասաց, որ լուրջ մասնագետներ արդեն իսկ բազում անգամ մի քանի տարի խոսում են շրջակա միջավայրի վրա հանքի շահագործման վտանգների մասին։ «Ջերմուկում ինչպես դուք չէիք գտնի մարդ, որ կողմ է հանքի շահագործմանը, այնպես էլ հիմա չեք գտնի։ Ուղղակի պատերազմը որոշ մարդկանց մոտ որոշակի ապատիա է առաջացրել․ դա բնական է, բոլորիս մոտ է այդ վիճակը։



Դրա համար սիտուացիան մի քիչ ուրիշ է, բայց կարծիքի փոփոխություն ես ո՛չ նկատել եմ, ո՛չ էլ տեսել եմ։ Գուցե մի քանի հոգի փոխած լինեն իրենց կարծիքը, որ կարելի է ինչ-որ բան անել, բայց միևնույն է, քաղաքում հանքը շահագործելու տրամադրվածություն չեմ տեսել։ Բացի այդ, համայնքում մոտ 3 հազար հոգի ստորագրել է, որ դեմ է այդ տարածքում որևէ հանքավայրի շահագործմանը»,- եզրափակեց աշխարհագետը։



Փետրվարի 22-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով տնտեսական ցուցանիշերի վերաբերյալ հարցին, ասել էր, որ կառավարությունն այդ օրը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրելու։ Եվ ըստ նախարարի՝ Ամուլսարի հանքը շուտով կվերագործարկվի։



Իսկ արդեն նույնը օրն ավելի ուշ կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ի հետ ստորագրել էր փաթեթը։ Դրանից 150 մլն դոլարը «Լիդիանը» կներդնի իր միջոցներից, 100 մլն դոլարը վարկ կստանա Եվրասիական զարգացման բանկից:



Սերգեյ Առաքելյան