Հերթական դժբшխտ դեպքը պլաստիկ վիրահատության հետևանքով՝ այս անգամ «Ուիգմոր»-ում․ Անուշ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

.

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերթական մահվան դեպքը պլաստիկ վիրահատության հետևանքով։

Ըստ հավաստի աղբյուրների, սույն տարվա փետրվարին Ուիգմոր բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք:

Մ.Մ.-ն ընդունվել է Ուիգմոր փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում: Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել: Մ.Մ.-ին Ուիգմորում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:

Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել՝ գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Այսպիսով, հերթական անգամ հայաստանյան առողջապահությունում կինը գեղեցիկ և ֆիզիկապես կատարյալ լինելու նպատակով դիմում է բժշկական կենտրոն և այլևս տուն չի վերադառնում: Արձանագրվում է մահ:

Արդյո՞ք տիկնոջ նախավիրահատական նախապատրաստումը լիարժեք է կատարվել,

Արդյո՞ք բժշկական սխալի պատճառով չի այս մահը:

Արդյո՞ք հետվիրահատական շրջանում բժշկական անձնակազմի կողմից բավարար ուշադրություն է դարձվել հիվանդին և ճիշտ է գնահատվել վիճակի ծանրությունը:

Հուսով ենք, որ վերոգրյալ և հարակից այլ հարցերի պատասխանը կտրվի իրավապահ մարմինների կողմից»:

--00--ԱՀ