ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի´ հայրենակիցներ
Արցախահայությունը կանգնած է ծանր հումանիտար և սոցիալական մարտահրավերների առջև։ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի իրավիճակ, որը սպառնում է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային։ Այս պայմաններում մեր հանրությունը չի կարող լռել և ստիպված է բարձրացնել իր ձայնը՝ իր իրավունքներն ու արդար պահանջները ներկայացնելու համար։
Ուստի կոչ ենք անում բոլորին միանալ հանրության նախաձեռնած հանրահավաքին և պահանջել ՀՀ կառավարությունից՝
• Մշակել և իրականացնել հստակ ու երկարաժամկետ քաղաքականություն՝ Արցախի հայության սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման համար,
• Ապահովել տեղահանված ընտանիքների կայուն կենսապայմաններ՝ ներառյալ բնակարանային, առողջապահական և կրթական ծրագրերը,
• Կիրառել գործուն միջոցներ՝ աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զարգացման համար,
• Միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի հայության կոլեկտիվ վերադարձի իրավունքների հարցը,
• Գործադրել իրավական և քաղաքական բոլոր հնարավոր լծակները՝ մեր գերեվարված հայրենակիցների անհապաղ ազատման համար՝ նրանց հարցը բարձրացնելով միջազգային կառույցներում և պահանջելով արդարություն։
Վայրը: Երևանի Ազատության հրապարակ (Օպերա)
Օր և ժամ: Մարտի 29-ին, ժամը 15:00»,-ասված է հայտարարության մեջ:
--00—ՅՄ