Անտեղի է պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում. ՔՊ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1123590

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համոզված է, որ իր հեղինակած օրենքի նախագիծը լրացուցիչ զորակոչ կապահովի հայկական բանակի համար՝ նրան տալով մեծ ֆինանսական հոսքեր, ինչը նաև կամրապնդի Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարգսյանը նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք հնարավորություն կունենան կրճատված ժամկետով ծառայել, կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել ծառայությունից և պատասխանատվությունից։

«Շատ հաճախ ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել և խուսափել զինծառայությունից ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերում է միայն 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին։ Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները հնարավորություն չունեն ծառայելու։ Քաղաքացին հայտնաբերվելու կամ կամովին ներկայանալու դեպքում ունի մեկ տարբերակ՝ ազատազրկվել կալանավորմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր օրինագծով, եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն, հետևաբար, անտեղի է այն պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում»,- ասաց Աժ պատգամավորը։  

Սարգսյանը հիշեցրեց, որ համանման կարգավորում եղել է դեռ 2004 թվականին, որը կոչվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենք, որի համաձայն՝ 27 տարին լրացած քաղաքացիները, ովքեր չէին կարող ծառայել, կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100 000 դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չծառայելով ոչ մի օր։

«Եթե քաղաքացին դիցուկ 18 տարեկանից չի ներկայացել զորակոչերին, ապա ստացվում է, որ մինչև 27 տարեկանը բացակայել է 18 զորակոչից, այսինքն՝ առավելագույնը 1 միլիոն 800 հազար դրամ վճարելով՝ ազատվում էր քրեական պատասխանատվությունից ու չէր ծառայում։ Այս օրենքը երկարաձգվել է մինչև 2019 թվականը, որից հետո որևէ կարգավորում չի եղել և դաշտը մնացել է բաց։ 2021 թվականին ԱԺ-ն ընդունեց համաներում, որի համաձայն՝ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր չէին ծառայել, հնարավորություն ունեցան ներկայանալ, ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։ Ես դեմ էի այս համաներմանը և հիմնավորված ասեմ, որ տվյալ որոշումը ոչինչ չտվեց մեր բանակին, քանզի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վերադարձան և ազատվեցին քրեական պատասխանատվությունից, հետո լքեցին երկիրը՝ որևէ օգուտ չտալով նրա պաշտպանությանն ու անվտանգությանը ո՛չ գումարի, ո՛չ ծառայության տեսքով»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ