ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Կոբախիձեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցություններ են նախատեսված, այնուհետև նրանք կշարունակեն հանդիպումը ընդլայնված կազմով։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները մամուլի համար հայտարարություններով հանդես կգան։
Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Վրաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են նաև առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
--00—ՅՄ