ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի խորհրդարանում կայացած քվեարկությունը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Լիտվայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ձևաչափերում և Եվրամիության հետ համագործակցության ամրապնդման հեռանկարները։
«Նախարար Բուդրիսը ողջունեց Հայաստանի խորհրդարանում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ամրապնդման շուրջ քննարկումները, ինչպես նաև առաջին ընթերցմամբ հաջող քվեարկությունը «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է հայկական կառույցների հետևողական աշխատանքի կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Լիտվայի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է Լիտվայի պատրաստակամությունը՝ կիսելու փորձը տնտեսության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման, սահմանների կառավարման ռազմավարության մշակման և սահմանների պաշտպանության արդյունավետ աշխատանքի ապահովման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման և այլ ռազմավարական ոլորտներում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հաղորդագրություն էր տարածել Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցների վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով:
--00--ԱՀ