«Արթիկի համայնքապետը չի, Վարոն ա, Անանիկ Ոսկանյանը ռայոնում ա»․ համայնքապետի խուսանավող հնարքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

Screenshot 2025-02-27 180154

ՔՊ վարչության հերթական նիստի ժամանակ, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի, կրկին անդրադարձ է կատարվել Գյումրու և Փարաքար համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Նշենք, որ այս թեմայով թվով երրորդ նիստն է գումարվում։ 

24News-ը նկատեց, որ վերջին նիստի ժամանակ ներկա էր նաև Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար      Անանիկ Ոսկանյանը։ Թե ի՞նչ կապ ունի Անանիկ Ոսկանյանը Գյումրու կամ առավել ևս Փարաքարի ընտրությունների հետ, 24News-ը փորձում էր պարզել հենց Անանիկ Ոսկանյանից։ Սակայն համայնքի ՔՊ-ական ղեկավարը տարօրինակ պատրվակներով երեկվանից զբաղված է։ 

Այսօր կրկին փորձեցինք կապ հաստատել Ոսկանյանի հետ, սակայն նախ սկզբից ընդհանրապես չպատասխանեց հեռախոսազանգերին, ապա իր վարորդը, որը ներկայացավ Վարո անունով, ասաց, որ Ոսկանյանը այս պահին զբաղված է՝ նախարարի հետ հանդիպման է։ Մեր ճշգրտող հարցին, թե ո՞ր նախարարի հետ է հանդիպման, վարորդն ասաց․ «Չիդեմ, ոնց որ ՏԿԵ նախարարի»։ 

Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ «ստի ոտքը կարճ է»։ Այդ նույն րոպեներին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցում էր Կառավարության նիստին։
Նիստի ավարտից հետո Խուդաթյանից հետաքրքրվեցինք, արդյոք Անանիկ Ոսկանյանն իր մոտ եղե՞լ է, ինչին     նախարարը բացասական պատասխան տվեց։ 

Ստացվում է՝ երեկվանից Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ստում է, այսօր էլ ակամայից վարորդը սուտ խոսեց ղեկավարին պաշտպանելու համար։
Ի դեպ, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, թե ինչու՞ է համայնքի ղեկավարի անձնական                հեռախոսին պատասխանում վարորդը։ 

Ի տարբերություն Անանիկ Ոսկանյանի, որը երեկվանից այդպես էլ ազատ ժամանակ չգտավ՝ հետ զանգահարելու և պատասխանելու մեր հարցերին, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձան Ոսկանյանի՝ ՔՊ-ի վարչության նիստին Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ քննարկմանը ներկա գտնվելու մասին հարցին։ Նախարարն ու մարզպետը հայտնեցին, որ վաղուց ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ներկայացնում են մարզում տիրող քաղաքական իրավիճակը։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ