1036 նահատակները խորհրդանիշն են նրա, ինչը բոլոր դարերում պակասել է․ Ս․ Վարդանանց տոնը Մայր Աթոռում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

photo_2025-02-27_17-31-44

Փետրվարի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

մայրաթոռ

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Սրբոց Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Վարդանանց խորհուրդը մեծ է, մեծ է ոչ թե որովհետև եկեղեցական տոն է կամ մեծ ճակատամարտի հիշատակությունն է, այլ որովհետև բոլորիս մեջ արթացնում է երկու կարևորագույն, մեր գոյության համար ամենաանհրաժեշտ հասկացություններ՝ հայրենասիրություն և աստվածսիրություն։

մայրաթոռ

1036 նահատակները հավաքական խորհրդանիշն են այն ամենի, ինչը բոլոր դարերում պակասել է մեզանում և բոլոր ժամանակներում համարվել է գերագույն առաքինություն՝ աստվածսիրություն և հայրենասիրություն։

Վարդանանց խորհուրդն իր բովանդակությամբ մեզ համար դատարկ կլինի, եթե այս երկու հասկացությունները մենք չկապենք իրար և չհասկանանք, որ Վարդանանք այս երկու սրբազնագույն առաքինությունների համար զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, որով և վկայեցին Քրիստոսին ու իրենց վկայության մեջ միասնական էին։

Սիրելինե՛ր, այս երկու հասկացությունները՝ վկայություն և միասնականություն, լավագույնս բնորոշում են սրբոց Վարդանանց խորհուրդը»։

մայրաթոռ

Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

մայրաթոռ

Հոգևոր դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:

--00—ՅՄ