ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
2025թ. փետրվարի 27-ին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Վատիկանի այգիներում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի շուրջ միասնական աղոթք բարձրացվեց՝ հանուն Ֆրանցիսկոս Պապի առողջության:
Քահանայապետական Լևոնյան Հայ վարժարանի ռեկտոր Խաչիկ Ծ.Վ.Գույումջանն իր աղոթքով խնդրեց Սուրբ Գրիգորի Նարեկացու ամոքիչ բարեխոսությունը, որպեսզի «Աստված փարատի Ֆրանցիսկոս Պապի ցավերն ու բժշկի հիվանդությունները, ինչպես նաև տա ուժ ու կորով՝ հաջողությամբ շարունակելու իր առաքելությունն՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման»:
Աղոթքին մասնակցել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը, Անարատ Հղության հայ քույրերը՝ ի դեմս Մեծավոր Մայր Արուսյակ Սաջոնյանի, Ռադիո Վատիկան – Վատիկան նյուզի հայկական խմբագրության տնօրեն Ռոբեր Աթարյանը, ինչպես նաև դեսպանության անձնակազմը:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապի հրամանագրով Սուրբ Գրիգոր Նարեկացին 2015 թվականին հռչակվել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ», իսկ 2021թ․ փետրվարի 2-ին՝ Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվել է որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։
--00—ՍՊ