Սփյուռքի հայկական խոշոր կազմակերպությունները կոչ են անում Բաքվին վերջ դնել Վարդանյանի հալածանքներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

LL

Հայկական սփյուռքի խոշորագույն կազմակերպությունները դիմել են միջազգային հանրությանը, որպեսզի վերջ դրվի բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հալածանքներին։

«Որպես աշխարհի խոշորագույն հայկական սփյուռքի կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններ՝ մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու համար աշխարհահռչակ հայ բարերար, հայազգի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական քաղաքական հալածանքները։

18 ամիս գերության մեջ լինելով զարհուրելի պայմաններում և մեղադրվելով 2020 թվականի պատերազմի և դրա հետևանքների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին լինելու համար ադրբեջանական պետության դեմ հանցագործություններ կատարելու մեջ՝ պարոն Վարդանյանը վերջերս հացադուլ է հայտարարել։ Նրա մտադրությունն է ընդգծել միջազգային միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ կանխելու համար իր հիմնարար իրավունքի հետագա խախտումները՝ հանուն արդար դատավարության, որը կհամապատասխանի արդարադատության միջազգային օրենքներին:

2025 թվականի փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճ հեռախոսազրույցում պարոն Վարդանյանը նկարագրել է Ադրբեջանի կողմից պատշաճ ընթացակարգերի և միջազգային չափանիշների կոպտագույն խախտումները։

Նա նշեց լուրջ ընթացակարգային խախտումները, որոնք խաթարեցին դատավարությունը և պնեց, որ իր հանդեպ հալածանքները ավելի լայն ջանքերի մի մասն է` քրեականացնելու համար Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայերին սատարող կամ համերաշխություն են ցուցաբերում հայերին:

Պարոն Վարդանյանը պատմել է անազատության մեջ իր հանդեպ դաժան վերաբերմունքի մասին, նրա մասին, որ իրեն ստիպել են ստորագրել կեղծված գործերի նյութերը և զրկվել պաշտպանություն պատրաստելու իրավունքից. դրանք մարդու իրավունքների ոտնահարման և մեղադրական դատավճիռ ապահովելու համար Ադրբեջանի կիրառած սոսկ մի քանի մարտավարություններից են:

Ցավոք սրտի, հայ բանտարկյալների նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ պարոն Վարդանյանի նախորդ դիմումը միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցներին անպատասխան մնաց, ինչը էլ ավելի լուրջ հետևանքների հանգեցրեց։

Վարդանյանի ներկա հացադուլը ոչ միայն բողոք է, այլ նաև ահարկու նախազգուշացում. շարունակական լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական ազատազրկվածների վիճակը:

Մենք կոչ ենք անում ձեզ վճռական դիրքորոշում ընդունել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու համար արդարությունը, մարդկային արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, քանի դեռ ուշ չէ։ Մենք խնդրում ենք ձեզ պահանջել.

— Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար

— Անհապաղ և մանրակրկիտ քննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների համար՝ արդար դատավարության վերաբերյալ։

— Դատական ​​վարույթների թափանցիկություն և հաշվետվողականություն՝ ապահովելով անկախ միջազգային դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիությունը:

— Հրատապ գործողություններ՝ Ադրբեջանին ստիպելու կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հալածանքները։

Մենք անհամբեր սպասում ենք ձեր վճռական գործողություններին այս հրատապ խնդիրը լուծելու համար և մեծապես կգնահատենք ձեր ժամանակին հաղորդել մեզ ձեր ջանքերի և արդյունքների վերաբերյալ:

Հարգանքով՝

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

«Ազնավուր» հիմնադրամ

«Աֆեյան» հիմնադրամ

«ԱՐԲԱՆԵ» համահայկական ծրագրերի հիմնադրամ

Հովնանյան ընտանիքи հիմնադրամ

Օրրան

Teach For Armenia

Իրավական պաշտպանության հայկական ճակատ

Թուֆենկյան հիմնադրամ

«Մենք ենք մեր սարերը»,- ասված է միջազգային հանրությանն ուղղված կոչում։


 

--00—ՍՊ