ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
1988 թվականի փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ, տեղի ոստիկանության անգործության պայմաններում, տեղի ունեցան հայ բնակչության կազմակերպված ջարդեր։ Պաշտոնական տվյալներով՝ ջարդարարներն սպանել են 26 հայի, վիրավորել հարյուրավորների, իսկ քաղաքի ողջ հայ բնակչությունը ստիպված էր հեռանալ։ Խորհրդային բանակը Սումգայիթ մտավ միայն ջարդերի երրորդ օրը՝ փետրվարի 29-ին։
Ջարդերի օրերին և դրանից հետո խորհրդային իշխանություններն ու մամուլը տեղի ունեցածի մասին մտածված չէին բարձրաձայնում՝ փորձելով թույլ չտալ, որ մարդիկ ճշմարտությունն իմանան։ Մինչդեռ հանրահավաքներում աղաղակում էին «Փառք Սումգայիթի հերոսներին», «Մուսուլմաննե՛ր, ցո՛ւյց տվեք հայերի բնակարանները», «Մա՛հ հայերին, հայերն այստեղ չեն ապրի»։
Սումգայիթյան ողբերգությունը խորհրդային մամուլում ամբողջությամբ չարտացոլվեց ու չդատապարտվեց։ Չնայած տեղեկատվական բլոկադայի փորձերին՝ ջարդերի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը հնարավոր չէր ամբողջությամբ փակել։ Սումգայիթի մասին կցկտուր և հակասական տեղեկություններ արևմտյան անգլալեզու մամուլում հայտնվեցին ջարդերին հաջորդած օրերին։ Առաջին հրապարակումներում ներկայացվում էին խորհրդային մամուլի, մասնավորապես՝ ՏԱՍՍ-ի հաղորդած տեղեկություններն ու ականատեսների վկայությունները։ Տեղի ունեցածի պատճառների վերաբերյալ շրջանառվում էին տարբեր վարկածներ, հայտնի չէր նաև ջարդերի զոհերի և վիրավորների հստակ թիվը։
Փետրվարի 29-ին «Լոս Անջելես Թայմս»-ը, հղում անելով Մոսկվայում բնակվող Սերգեյ Գրիգորյանցին, հաղորդում է․ «Սումգայիթում հանցագործները մարդկանց հարցնում էին՝ հա՞յ են, թե՝ ոչ։ Ով ասում էր, որ հայ էր, ծեծում էին։ Մի քանի հոգի դանակահարվել են»։
Մարտի 1-ին «Չիկագո Թրիբյուն»-ը հայտնում է, թե ականատեսների վկայություններ են հասնում Մոսկվա այն մասին, որ Սումգայիթի հայ բնակիչներին բռնաբարել, կողոպտել ու սպանել են, նախքան խորհրդային զորքերը կմիջամտեին։
Մարտի 9-ին «Ասոշիեյթիդ Պրես»-ի թղթակիցը (ԱՊ-ի տեղեկությունը հրապարակվել է նաև «Դեյլի Նյուզ»-ում) հաղորդում է Մոսկվայի գերեզմանոցներից մեկում հավաքված հայերի պատմություններն՝ օրեր առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքերի վերաբերյալ։
Ջարդերի մասին ավելի շատ մանրամասներ մամուլում սկսվում են հայտնվել մարտ ամսին։ «Վաշինգտոն Փոսթ»-ն ականատեսների հաղորդած տվյալներ է հրապարակում մարտի 11-ի համարում։ «Սումգայիթի ոստիկաններից մեկի հաղորդած տվյալների համաձայն՝ տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները գրոհել են հայերի տներ, սպանել 37 հոգու և վիրավորել 300-ի, ճիշտ են»։ Մեկ այլ վկայության համաձայն՝ «Սումգայիթում տեղի ունեցածը միակողմանի էր՝ ադրբեջանցիներն սպանում էին հայերին։ Դա էթնիկ կոնֆլիկտ չէր, այլ՝ իսկական պոգրոմ»։ Հոդվածում նշվում է, որ արևմտյան լրագրողներին թույլ չի տրվում մեկնել Խորհրդային Հայաստան կամ Ադրբեջան, իսկ թերթին տեղեկություններ հաղորդած Անդրեյ Շիլկովը, ով բնակվում էր Մոսկվայում, ընդամենը 6 ժամ է կարողացել մնալ Սումգայիթում։
Մարտի 9-ին «Նյու Յորք Թայմս»-ում հոդված է հրապարակվում, որտեղ ամփոփված են Սումգայիթում տեղի ունեցածի վերաբերյալ թղթակցի հավաքած կցկտուր տեղեկությունները։ «Այսօր Երևանում տեղի ունեցած երթը նվիրված էր Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բռնության զոհերի հիշատակին․ պաշտոնական տվյալներով փետրվարի 28-ին և 29-ին մահացել է 31 մարդ»։ «Սումգայիթում և Կիրովաբադում խռովությունից մի քանի ժամ առաջ Բաքվում ադրբեջանական պաշտոնական ռադիոն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում երկու ադրբեջանցի է մահացել։ Շատ հավանական է, որ երկու ադրբեջանցիների մահվան մասին տեղեկությունները հանգեցրին Սումգայիթում և Կիրովաբադում բռնության»։
Հետագա ամիսներին հոդվածներ են հրապարակվում՝ ներկայացնելով տեղի ունեցած սարսափը վերապրածների և ականատեսների վկայություններով։
«Արյունալի էթնիկ ջարդից վեց ամիս անց պատճառները բացահայտված չեն, ոչ էլ ամբողջությամբ ուսումնասիրված»,- 1988 թվականի սեպտեմբերին գրում է «Վաշինգտոն Փոսթ»-ը։ «Փետրվարին այստեղ ադրբեջանցիների ամբոխի գործած ավերածությունների հետքերը դեռևս նկատելի են․․․»,- պատմում է հեղինակը, ով եղել էր Սումգայիթում։
Նույն թվականի հոկտեմբերին «Վաշինգտոն Փոսթ»-ում հրապարակվում է մեկ այլ հոդված՝ Ջուլիետ Ստեփանյանի հեղինակությամբ, ով կարողացել էր Երևան հասնել 1988 թվականի ամռանը, երբ օտարերկրացի լրագրողների մուտքը Խորհրդային Հայաստան խստորեն սահմանափակված էր։
«Չորս ամիս էր անցել փետրվարի 27-29-ի հակահայկական ջարդերից հետո, որոնք տեղի էին ունեցել հարևան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ Երևանում բոլորը դեռ խոսում էին այդ իրադարձությունների մասին։ Մանրամասները դեռևս վառ էին Ադրբեջանից ժամանած ավելի քան 3,000 փախստականների հիշողության մեջ»,- պատմում է հեղինակն այդ օրերի Երևանի կյանքի մասին։
«Վեց ամիս է անցել այն օրից, երբ Իսկուհի Իսանյանը ծննդաբերում էր որդուն՝ լսելով խռովարարների և զորքերի ձայները փողոցներում։ Վեց ամիս է անցել, երբ Թալե Իսմայիլովը, ծննդյան միջոցառման ժամանակ հարբելով, վերցրեց երկաթե ձողը, միացավ մարդասպան ամբոխին՝ սպանելու հայ հյուսնին, որին դուրս հանեցին իր մեքենայից Խաղաղության փողոցում»,- գրում է «Նյու Յորք Թայմս»-ի թղթակիցը։
1988 թվականին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրապարակված հոդվածում «Գարդիան»-ը հիշեցնում է նաև Սումգայիթի կոտորածի մասին։ «Ադրբեջանում արդեն տեղի է ունեցել հայերի կոտորած։ Փետրվարին, երբ առաջին պահանջները հնչեցին Լեռնային Ղարաբաղի անջատման վերաբերյալ, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական ամբոխները կազմակերպեցին ջարդ, որին զոհ գնաց 25 հայ։ Ադրբեջանի ոստիկանությունը ոչինչ չարեց դա կանխելու համար»։
Ջարդերին հաջորդած օրերին խորհրդային իշխանությունները ձգտում էին կոծկել, մեղմացնել տեղի ունեցած հրեշավոր դեպքերն ու աղավաղել դրա էությունը՝ ներկայացնելով այն որպես խուլիգանություն։ Ադրբեջանում ևս անմիջապես սկսեցին կեղծ վարկածներ հորինել։ 1989 թվականին Ադրբեջանի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահ Զիյա Բունիաթովը հոդված հրապարակեց՝ մեղադրելով հայերին․ «Սումգայիթյան ողբերգությունը ծրագրել են հայ ազգայնականները»։ Հետագայում սա դարձավ գլխավոր «աշխատանքային վարկածը» Ադրբեջանում։ Դրա վկայությունն է 2019 թվականին Իլհամ Ալիևի հայտարարությունը․ «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ սումգայիթյան դեպքերը հեղինակել են հայ ազգայնականներն ու հայկական ջոկատները»։
Վերոնշյալ վարկածի կեղծ լինելը փաստում են բազմաթիվ վկայություններ, մամուլի հրապարակումներ, դատավարական և այլ նյութեր՝ հստակ ցույց տալով իրական ջարդարարներին ու տուժողներին։ Ի հեճուկս տեղեկատվական բլոկադայի փորձերին՝ թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ այլ երկրներում Սումգայիթի ջարդերին վերաբերող բազմաթիվ հրապարակումներ եղան՝ լույս սփռելով տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների վրա։
--00—ՍՊ