Օկուպացված Ասկերանի ամրոցը՝ յուրացման և ձևախեղման վտանգի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

AA

Monument Watch-ը ահազանգում է․

«2025 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Արցախ, որտեղ նրան ներկայացվել է Ասկերանի ամրոցում վերջին մեկ տարում ադրբեջանական կողմի կատարած աշխատանքները և նախատեսվելիք ծրագրերը (https://t.me/bez_tor/61123):

Ըստ Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլու՝ Ասկերանի ամրոցում պետք է ծավալուն աշխատանքներ արվեն, այդ թվում ամրոցի ներսում նոր ենթակառուցվածքների, հանգստի գոտու տեղակայմամբ, հնագիտական պեղումների իրականացմամբ, պատմամշակութային արգելոցի ստեղծմամբ: Սակայն, այստեղ առավել մտահոգիչ է, որ ամրոցի տարածքում նախատեսվում է բնակելի համալիրի կառուցում, ինչը վստահաբար կխաթարի ամրոցի պատմական միջավայրը, պահպանության գոտին և հնագիտական շերտերը: Դեռևս հայտնի չէ, թե որ մասում է կառուցվելու բնակելի համալիրը կամ այն ինչ ծավալներ է ունենալու, սակայն կարող ենք պնդել, որ նման  համալիրի կառուցումը կարող է վստանգ ներկայացնել ամրոցի համար՝ խաթարելով նրա պատմական տեսքը և միջավայրը: Տեսանյութում խոսվում է, թե իբրև հայկական կողմը ապրբերաբար «հայկականացրել է» ամրոցի տեսքը, ինչը անհասկանալի և անընդունելի մոտեցում է

 (https://azertag.az/ru/xeber/na_territorii_kompleksa_askeranskoi_kreposti_budet_sozdan_istoricheskii_park_pod_otkrytym_nebom_video-3429191?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0iZUi1_L6w2asb3a5Rl3ypLhvVoPCgInM6Xg1OBWbn4s1ILuKa0itewzk_aem_ecz7SS1H-Q548tEei1NmMA )։ Ասկերանի ամրոցի մասին ավելի մանրամասն տես՝ Ասկերանի ամրոցը։

Մեր արձագանքը

Ասկերանի ամրոցը փոփոխելու ադրբեջանական նախագիծը լրջորեն սպառնում է կառույցի իսկությանն ու ամբողջականությանը։ 1994 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նարայի փաստաթուղթը շեշտում է, որ մշակութային ժառանգության իսկությունը պետք է գնահատվի դրա պատմական, նյութական, ճարտարապետական և մշակութային համատեքստում։ Ադրբեջանի կողմից ամրոցի սկզբնական տեսքի և կառուցվածքի փոփոխությունը՝ նոր շինարարական միջամտություններով, խախտում է այս սկզբունքները՝ վտանգելով դրա պատմական  իսկությունը։  Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Ուստի՝ մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատվական վստահելի փաստեր: Ըստ այսմ՝ իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն է ձեռք բերում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգության՝ հակամարտություններում հայտնվելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարևորում է մշակութային արժեքների լեգիտիմության ճանաչման խնդիրը։

2022 թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն (European Parliament  Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022)»։


 

--00—ՍՊ