ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում երկարատև զինված բախումների կապակցությամբ, որոնք զոհերի թվի ավելացման են հանգեցնում, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում:
Լեհաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնում տուժածներին եւ նրանց ընտանիքներին:
«Մենք կոչ ենք անում հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այդ թվում` զինված բախումներից տուժած խաղաղ բնակիչներին պաշտպանելու պարտավորությանը: Համոզված ենք, որ ռազմական գործողությունները հակամարտության լուծման չեն հանգեցնի: Դրանք նաեւ սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Այս համատեքստում մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, որոնց նպատակն է կողմերին համոզել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ խաղաղ բանակցություններ սկսել:
ԵԱՀԿ-ն հարմար ձեւաչափ է տարածաշրջանային երկխոսության համար եւ գործիքներ ունի լարվածության դեէսկալացման համար»,- նշվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Նշենք, որ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:
--00—ԼՄ