ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Եվրոպական խորհրդարանում «Կատալունիայի հանրապետական ձախ» (ERC) կուսակցության պատգամավոր Ջորդի Սոլեն հոկտեմբերի 7-ին ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հրապարակելով իր ելույթի համապատասխան տեսանյութը:
«Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է կատալոնացի պատգամավորը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը սրելու փոխարեն, պետք է աշխատեն խաղաղությունը խթանելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ