ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Ադրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը Հայաստանի տարածք և ինքնիշխան սահմանների խախտումը ոչ միայն Բաքվի ագրեսիվ և հարձակողական քաղաքականության արդյունք և միջազգային իրավունքի խախտում է, այլև Հայաստանի իշխանության հասկանալի և վճռական դիրքորոշման բացակայություն՝ կապված սահմանների և քաղաքացիների անվտանգության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Մայիսի 12-ի առավոտից մամուլում հայտնվեցին հակասական տեղեկություններ Հայաստանի պետական սահմաններին տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։
Իրեն անպատժելի զգացող Բաքվի այս անսանձ պահվածքը բացահայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել ռազմական բախման։
Իրավիճակն ավելի է սրվում ՀՀ իշխող ուժի կողմից հավաստի տեղեկատվության բացակայության պատճառով, ինչն էլ, իր հերթին, հասարակության շրջանում խուճապ և անհանգստություն է առաջացնում։
Հասարակությունն այսօր իրավասու է երկիրն այս կարգավիճակին հասցրած Փաշինյանից և նրա թիմից անհապաղ քայլեր պահանջել քաղաքացիների և պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը սրելու և չհամակարգված կառավարում իրականացնելու փոխարեն»։
--00--ԱՀ