Արցախում ականազերծվել է 2121 հա տարածք, 650 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 25 613 պայթուցիկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ տեղի բնակչությունը մտավախություն ունի սահմանամերձ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ և ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն են ընդունվում անվտանգության ապահովման բազմաթիվ հայտեր։

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի և Աղդամի շրջանների սահմանին կողմերի սահմանազատման գծի երկայնքով հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքների իրականացման անվտանգությունը։

Ըստ տեղի բնակիչների՝ այստեղ ամեն տարի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվում, և հակահրդեհային գոտու առկայությունը թույլ կտա նվազագույնի հասցնել կրակի անվերահսկելի տարածման ռիսկերը՝ խոտի բռնկման դեպքում։ Այդ մասին հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը։

Հաղորդագրությունում նշվում է՝ խաղաղ կյանքի վերականգնման, այդ թվում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների վերսկսման համար ռուս խաղաղապահները տեղանքը նաև մաքրում են պայթյունավտանգ առարկաներից։

2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 121 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթուցիկ առարկա:

--00—ԼՄ