Նույն հաստատությունում աշխատող քաղաքացիների վեճը վերածվել է դանակահարության․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1_0

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վանաշեն գյուղի բնակչի դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:



Ըստ նախնական տվյալների 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, «Վեդու բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, երկրորդ աստիճանի հեմոպնևմոթոքսային հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղի 53-ամյա բնակիչ:



Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հիշյալ մարմնական վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:



Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է իր հետ նույն հաստատությունում աշխատող, Վեդի քաղաքի 33-ամյա բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել 53-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին, այնուհետև դանակով՝ կրծքավանդակի հետին մակերեսին:



2021թ. դեկտեմբերի 11-ին առերևույթ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:



Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է դեպքի մանրամասները՝ նշելով նաև վիճաբանության պատճառը:



Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են տուժողի հագին՝ դեպքի պահին եղած հագուստները, բացատրություններ են վերցվել մի շարք անձանցից:



Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ:



Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ