Ուրախ եմ, որ Ռուբինյանն է ընտրվել Թուրքիայի հետ բանագնաց, նա մեծ պոտենցիալով քաղաքական գործիչ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Թուրքիայի հետ բանակցելու և հանդիպումների պահանջ միշտ եղել է, բայց տարիներ շարունակ չի ստացվել, լիահույս եմ, որ այս անգամ կկարողանանք երկխոսություն սկսել», - այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Լուսինե Բադալյանը:

Խոսելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին բանագնաց նշանակվելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց.

«Ուրախ եմ, որ Ռուբինյանն է ընտրվել բանագնաց, եթե նրան մարդիկ չեն ճանաչում, չի նշանակում, որ նա չի տիրապետում իրավիճակին, նա մեծ պոտենցիալով քաղաքական գործիչ է և իր զսպվածությամբ, ողջախոհությամբ և գիտելիքներով կարող է բանակցություններն առաջ տանել»:

Խոսելով քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին՝ Լուսինե Բադալյանը նշեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Երևանի ծրագիրը, և եթե որևէ կետ կատարվել է, դա մեծ բան դարձնել պետք չէ, քաղաքապետը պարտավոր է նախընտրական ծրագրերի բոլոր կետերը դարձնել իրականություն.

«Քաղաքական թիմի նախընտրական ծրագրի կեսի կեսն անգամ քաղաքապետի կողմից չի իրականացվել, ուստի ասել թե կուսակցական լինելը դեր է խաղացել նրան հեռացնելու հարցում, ես չեմ հավատում: Իմ՝ Աժ-ի գործունեության ընթացքում ստացված բողոքների և ահազանգների 80 տոկոսը եղել է քաղաքապետարանի շինթույլտվությունների վերաբերյալ, որոնք վերահասցեագրել եմ համապատասխան մարմիններին»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։