Վրաստանն արգելում է իր տարածքով «մածուն» անունով մթերք արտահանել․ բանակցություններ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Վրաստանն իր տարածքով, թեկուզ տարանցիկ փոխադրման դեպքում, չի թույլատրում «մածուն» անվանումով մթերքի մուտքը։ Այս մասին 24News-ին ասաց «Մարիաննա» ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը՝ անդրադառնալով մածունի արտահանման խնդրին։

Փետրվարի 6-ին Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել ու գրել, որ Ռուսաստանի Դաշնությունում վաճառվող «Մարիաննա» ընկերության արտադրած մածուն կաթնամթերքի անվանումը նշված է «Հայկական սարի յոգուրտ»։ «Մինչդեռ մածունը թթվային կաթնամթերք է, որը ստացվում է հայկական լեռնաշխարհի կաթնաթթվային մանրէներից։ Փոխանակ մենք առաջ ընկնենք, վրացիներն են մեզ նեղում», - նկատել էր Բագրատյանը։

Քրիստինա Կարապետյանը նշեց, որ Վրաստանի Հանրապետությունը, ի թիվս բազում արտադրատեսակների, նաև «մածուն» (վրաց․՝ «մացոնի») անվանումն է սեփականաշնորհել։

«2021 թվականի վերջերից «Հայկական սարի մածուն» անվանումով ենք արտահանում։ Արտահանում ենք միայն Ռուսաստան, իսկ Վրաստանի տարածքը միայն տարանցիկ փոխադրման համար է օգտագործվում։ Քանի որ արտասահմանում մածունը համարվում է հայկական յոգուրտ, դրա համար դիմել ենք այս տարբերակին», - նշեց նա։

Ըստ Կարապետյանի՝ անցյալ տարվա վերջին մեկ անգամ հաջողվել է Էկոնոմիկայի նախարարության ջանքերով անցկացնել «մածուն»-ով մակնշված վերջին խմբաքանակը։ Ըստ նրա՝ այլ երկիր արտահանելու պարագայում «մածուն» անվանումը կպահպանվի։ 

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը 24News-ին ասաց, որ վրացական կողմը դեռ վաղուց է «մածուն»-ն օրենքով գրանցել որպես վրացական։

««Մարիաննա»-ի մի խմբաքանակը կարողացել ենք անցկացնել անցյալ տարի, պետության միջնորդությամբ է եղել՝ պատճառաբանելով, որ արտադրողնեը չգիտեին, որ խստացումներ են եղել», - հավելեց նա։

Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինա Համբարյանը 24News-ին ասաց, որ Վրաստանում «մածուն»-ը գրանցված է որպես աշխարհագրական նշում։

«Վրաստանը դեռևս 2012 թվականին գրացվել է մածունը որպես աշխարհագրական նշում ու պահպանություն է տվել իր տարածքում։ Մինչև մածունի գրանցումը Մտավոր սեփականության գործակալությունը 2011-ին առարկություն էր ներկայացրել գրանցման դեմ ու հիմնավորել, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է մեր երկրում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը, սակայն Վրաստանին ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել։ Առարկություն ներկայացրել ենք նաև Եվրոպական միությանը, սակայն ԵՄ-ն էլ հաշվի չի առել», - ասաց Համբարյանը։

Ըստ նրա՝ եթե Վրաստանով չարտահանվի արտադրանքը, ապա «մածուն» բառը փոխարինելու խնդիր չի առաջանա։

««Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքը դասական օրենք է, որտեղ ասվում է, որ աշխարհագրական նշումը տարածքի, տեղանքի անվանում պետք է լինի։ «Մածուն»-ը տարածքի, տեղանքի անվանում չէ նաև Վրաստանում, սակայն Վրաստանում գրանցել են որպես աշխարհագրական նշում։ Մենք փոփոխություն ենք առաջարկել «Աշխարահագրական նշումների մասին» օրենքում, նախագծի փաթեթն արդեն շրջանառության մեջ է դրվել ու ներկայացվել կառավարությանը»։

Պաշտոնյան հույս հայտնեց, որ 1-2 ամսից օրենքը կընդունվի։

«Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծվի աշխատանքային խումբ, ու քննարկվի ՀՀ-ի և Վրաստանի միջև աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության մասին համաձայնագիր։ Հետո կողմերը միմյանց կներկայացնեն արդեն պահպանվող նշումների ցանկը, ու բանակցությունները կընթանան այդ ցանկի շուրջ։ Ու արդեն բանակցությունների արդյունքում փոխադարձ ճանաչում կտրվի այդ անվանումներին, որևէ խնդիր չի առաջանա։ Վրացական կողմը տեղյակ է, որովհետեւ մեր պատվիրակության հետ արդեն 2 անգամ հանդիպում ունեցել է, հարցը բարձրացվել է, ու որոշվել է նմանատիպ լուծում տալ համաձայնագրի միջոցով», - եզրափակեց Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ