ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ըստ այդ համաձայնագրի ՀԱՕԿ-ը Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման և իրագործման հետ կապված ստանձնում է հետևյալ պարտականությունները.
- Ծաղկաձոր քաղաքի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը, լողավազանը և կից մարզադահլիճը 30 տարով անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու դեպքում, դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում և դրա կառավարումը և շահագործումը իրականացնել Հայաստանի Հանրապետության և ՀԱՕԿ-ի հավասար մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով։
- Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2022 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ, հիմնանորոգել մեկից երկու մարզադպրոց՝ այդ թվում սահմանամերձ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, պարտավորվում է ՀԱՕԿ-ի կողմից հիմնանորոգված մարզակառույցներն ապահովել անհրաժեշտ մասնագիտական մարզագույքով:
Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը:
--00--ԱՀ