ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Քննարկվել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները Այսօր՝ մայիսի 16-ին, ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան/ ՆՄ հյուպատոս Փոլ Մորրիսին և վարչական ծառայությունների ղեկավար Տաթևիկ Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը և փ/ծ գնդապետ Դ․Սարգսյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։ ՓԾ տնօրենը հյուրերին ներկայացրեց Փրկարար ծառայության ներկայիս բարեփոխումների, աղետների ռիսկի կառավարման բնագավառում իրականացվող աշխատանքների, ծառայությունում անցկացվող սեմինար-պարապմունքների, վերապատրաստումների կարևորության, փորձի փոխանակման և ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Խոսելով թեմայի շուրջ՝ Կ․Ցուցուլյանն անդրադարձավ նաև ոլորտում առկա խնդիրներին և դրանց ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող ընթացիկ միջոցառումներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փոլ Մորրիսը կարևորեց համագործակցության ընդլայնումը և շարունակականությունը։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագայում փորձի փոխանակման շրջանակներում Մեծ Բրիտանիայում իրականացնել փրկարար ծառայողների մասնագիտական վերապատրաստումներ, մասնավորապես շեշտը դրվեց կինոլոգիական և սակրավորական ջոկատների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և անցկացման վրա։ Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչներին այցի համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության զարգացման արդյունքում համատեղ իրականացվելիք ծրագրերն առավել առարկայական կդառնան և կնպաստեն ոլորտի զարգացմանը։
--00—ԶՀ