ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վաճառել է 5,16 միլիոն ավտոմեքենա և պահպանել աշխարհում առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքների թվով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Kyodo գործակալությունը նշում է, որ ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ։
Վաճառքները հաշվի են առնում նաև Toyota Motor-ի հետ նույն խմբի մեջ մտնող Daihatsu Motor և Hino Motors արտադրողների ավտոմեքենաները։ Toyota Motor-ին հաջողվել է պահպանել առաջին տեղը՝ չնայած 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ վաճառքները նվազել են 4,7 %-ով։ Դրան նպաստել են չինական արտադրողների հետ գնային մրցակցության սրումը և ճապոնական ավտոարտադրողների շուրջ մի քանի սկանդալների պատճառով արտադրության գործընթացի դադարները:
Վաճառքների քանակով աշխարհում երկրորդ տեղն զբաղեցնում է գերմանական Volkswagen ավտոարտադրողը, որն այս տարվա առաջին կիսամյակում վաճառել է 4,39 մլն ավտոմեքենա:
--00--ԼՀ