Կարող է լուրջ ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա․ օգոստոսը Պսորիազի իրազեկման ամիս է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

պ.j

Օգոստոսը Պսորիազի իրազեկման ամիս է:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ի՞նչ է պսորիազը,որո՞նք են պատճառները, բուժման ի՞նչ մոտեցումներ են կիրառվում Հայաստանում:

Պսորիազը քրոնիկ մաշկային հիվանդություն է: Բնորոշվում է մաշկի բորբոքմամբ, որի հետևանքով առաջանում են մաշկի հաստ, կարմիր, թեփոտված հատվածներ:

Այն կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ գլխամաշկի, արմունկների, ծնկների և մեջքի վրա։

Պսորիազը համարվում է աուտոիմունային հիվանդություն, որտեղ իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է առողջ մաշկի բջիջների վրա:

Հիվանդության հիմնական ախտանիշներն են՝

կարմիր, հաստացած մաշկի հատվածներ՝ արծաթափայլ թեփով պատված,
երբեմն քորի և ցավի առկայություն,
չոր, ճաքճքած մաշկ, որը կարող է արյունահոսել:

Պսորիազի բուժման նպատակն է նվազեցնել մաշկի բորբոքումը և հեռացնել թեփոտված շերտերը: Խորհուրդ է տրվում հետևյալ բուժման մեթոդները.

Տեղային բուժում: Քսուքներ և նրբաքսուքներ, որոնք պարունակում են գլյուկոկորտիկոստերոիդներ, վիտամին D-ի անալոգներ, ածխածնի խեժ, ռետինոիդներ և այլն:

Լուսաբուժություն: Ուլտրամանուշակագույն լույսի օգտագործում, որը կարող է դանդաղեցնել մաշկի բջիջների աճը: Համարվում է լավագույն մեթոդը միջին և ծանր պսորիազի դեպքում:

Համակարգային բուժում: ՀՀ-ում լայնորեն կիրառվում են մոնոկլոնալ հակամարմիններ՝ դեղամիջոցների խումբ, որոնք կիրառվում են պսորիազի ծանր ձևերի ժամանակ: Ունեն թիրախային ազդեցություն և բարձր արդյունավետություն։

Պսորիազը կարող է լուրջ ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա, սակայն կան բազմաթիվ արդյունավետ բուժման մեթոդներ, որոնք կարող են օգնել պացիենտներին վերահսկել իրենց ախտանիշները և ապրել լիարժեք կյանքով:

Կարևոր է նաև չխաբվել տարաբնույթ կեղծ գովազդային արշավներին, որոնք խոստանում են մեկընդմիշտ ազատել  խնդրից։

--00--ԼՀ