ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Հաստատություն)։ Այս մասին հայտնույմ են ՄԻՊ աշխատակազմից։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։
Ուշադրության է արժանի այն, որ Հաստատության աշխատակազմը հետևողական է խնամք ստացող երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերի առնչությամբ, երեխաները, հիմնականում, ներգրավված են տարբեր սպորտային և մշակութային միջոցառումներում, իրազեկված են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։
Գնահատելով Հաստատության աշխատակազմի ջանքերը՝ հարկ է փաստել, որ այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց հիմնական մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող գրեթե բոլոր հաստատություններին, օրինակ` կապված տարածքի անբավարարության, ֆիզիկական միջավայրի` համընդհանուր դիզայնի սկզբունքներին չհամապատասխանելու և այլ հարցերի հետ։
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
--00—ԼՀ