ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Նախագահը շնորհավորել է դեսպանին և հնդիկ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում:
«Ուրախ եմ շնորհավորել Ձեզ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Հայ-հնդկական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն նաև դրանից օգտվելով անկախացումից հետո սկիզբ դրվեցին Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին, որոնք ներկայումս շարունակում են զարգանալ բոլոր ուղղություններով: Հնդկաստանի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականություն առաջնահերթ ուղղություններից է»,- նշել է նախագահը:
«Շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության և բարեմաղթանքների համար, իսկապես, մեր երկրների փոխգործակցությունն աճում է և զարգացման մեծ ներուժ ունի»,- իր խոսքում նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել բարձր տեխնոլոգիաների, կրթության, պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում Հայաստանի հանձնառությունը և հստակ դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում կարևորվել են երկկողմ ջանքերը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական շփումների ակտիվացման ուղղությամբ:
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել հնարավորինս խթանել երկու երկրների գործարար միջավայրերի շփումների շարունակականությունը՝ համատեղ գործարար համաժողովների և այլ ձևաչափերի ներդրման միջոցով:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
--00—ԼՀ