ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների (Հայաստանը ներկայացնող կամ ներկայացրած) վարկանիշն ըստ Transfermarkt-ի։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Transfermarkt-ի մասնագետները վերջերս թարմացրել են մի շարք լիգաների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 20 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա կիսում է երկրորդ տեղը ՌՊԼ-ում։ Սպերցյանը գլխավորում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշը։
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո։ Հայ ֆուտբոլիստների շրջանում նա երկրորդն է այս ցուցանիշով։
Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (4 մլն եվրո)։
«Լանուսի» հարձակվող Լուկաս Սելարայանը 4-րդն է այս վարկանիշում, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո։
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արծեքը գնահատվում է 2,5 մլն եվրո, իսկ «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքները՝ 2 մլն եվրո։
Ընդհանուր առմամբ՝ 9 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 միլիոն եվրոյի սահմանը։
Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի․
--00--ԱՀ