Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է, բայց հանդիպման առաջարկս մնում է սեղանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

.

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գրում է.

«Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝  ինձ «պոպուլիստ» անվանելով: Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իմ առաջարկը մնում է սեղանին. Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներին՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», -  X-ում գրել է նա։

Օրերս Սարգիս Խանդանյանը դիմել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին՝ առաջարկելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

«Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել էր Խանդանյանը։ 


--00--ԱՀ