ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Մարտի լույս 31-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 55-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն է ընդունվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության խումբը՝ Երևանի Սարի թաղից։
Տուժողը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ չի հիշում, թե որտեղ է վնասվածքները ստացել և ում կողմից։ Բացի այդ, հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց։
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Տիգրան մեծի 53 հասցեի հարակից տարածքում, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծավալված վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակահարել է Երևանի 39-ամյա մի բնակիչ, որը ձերբակալվել է։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով դանակ, որը, նախանական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ