ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են խտրականության և ատելության խոսքի դրսևորումներ, որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների իրացմանը և խաթարում հանրային համերաշխությունը։
Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։
Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խտրականության ցանկացած դրսևորում և դրանով պայմանավորված՝ անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Առավել մտահոգիչ է այն, որ նման խոսք հաճախ տարածում են քաղաքական ու հանրային գործիչները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցները: Ավելին՝ հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն ընկալվում որպես խնդրահարույց և չեն արժանանում հանրային անհրաժեշտ հակազդեցության:
Հանրային համերաշխության և իրավահավասարության ապահովման համար կարևոր է բացառել սեռով պայմանավորված թյուր ընկալումները, կարծրատիպերը և խտրականությունը։
Հանրային գործիչներն իրենց գործունեությամբ պարտավոր են նպաստել համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը՝ ոչ միայն բացառելով ցանկացած խտրական վերաբերմունք, այլև՝ հակազդելով նման դրսևորումներին։
--00—ՍՊ