ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ՝ Լոռու մարզում հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 40-ից ավելի քաղաքացիների հետ: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը ներկայացրել են քայլերի այն հերթականությունը, որ պետք է անցնի սպանդանոցային բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացին կամ կազմակերպությունը: Դրանք ընդգրկում են նաև պետական աջակցության ծրագրերը:
Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների մասին: Հստակեցվել է, որ սպանդանոցները կարող են կառուզվել բնակելի վայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300մ հեռավորության վրա, նաև՝ թե ինչպիսի բաժանում-գոտիավորում պետք է ունենա սպանդանոցը, ախտահանման ինչ փոլերով պետք էանցնեն տարած մտնող մեքենաներն ու աշխատակիցները:
Արթուր Շատվորյանը տեղեկացրել է նաև, որ նոր կառուցված սպանդանոցների անձնակազմի, մասնավորապես՝ անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին, հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին:
Հանդիպումը անցել է ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, մասնակիցներին բաժանվել են ուղեցույցներ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են պետական աջակցության ծրագրերն ու սպանդանոցներին ներկայացվող պահանջները: