ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
«Արմենիա» ավիաընկերությունը, չնայած կորոնավիրուսի բռնկման հետևանքով Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներին, շարունակում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել բոլոր երկրների քաղաքացիների համար։ Այս մասին 24 News-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Քանի որ դա տրանզիտ ուղղություն է, և ուղևորները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռից դուրս չեն գալու, մենք կշարունակենք կանոնավոր ուղևորափոխադրումներն առանց քաղաքացիության սահմանափակման»,- նշեց նա։
Մարտի 13-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունները որոշում են կայացրել 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Սահմանը բաց է միայն բեռնափոխադրումների համար։
Կորոնավիրուսի վարակակիր է 15 մարդ։ Ավելի քան 100 մարդ մեկուսացված է։
Կորոնավիրուսի թեստ են հանձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը։ Արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան։