«Կամք» ՀԿ-ի ներկայացուցչի ձերբակալումը իրավաբանական «բեսպրեձել» է, քաղաքական հետապնդում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News 

հասարակական

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով «Կամք» հասարակական շարժման ներկայացուցչի ձերբակալմանը: 

«Քանի դեռ ԱԺ-ում պատգամավորները վիճում են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ով եկավ 2018 թվականի ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի մոտ, երբ եկավ, ինչ ասեց, ինչից հետո եկավ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հաղորդմամբ՝ իրեն ենթադրաբար հեծանվով վրաերթ կատարելու թե դրա սպառնալիքի համար արդեն շուրժ 20 ժամ է՝ ձերբակալվել է «Կամք» շարժման քաղաքական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանը։ Ավելին՝ նրան ներկայացրել են կալանքի, և նիստը լինելու է այսօր ժամը 17:00-ին Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրում։

Աբսուրդի գագաթնակետն այն է, որ քաղաքական ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել 316-րդ հոդվածով (մինչև 5 տարի), որով տուժող կարող են լինել ոչ թե պատգամավորները, այլ ոստիկանական գործառույթ իրականացնողները։

Հիմա սա իրավաբանական ֆուտուրիզմ չէ՝ ի՞նչ է։ Հիմա սա իրավաբանական բեսպրեձել չէ՝ ի՞նչ է։ Հիմա սա քաղաքական հետապնդում չէ՝ ի՞նչ է։

ԱԺ պատգամավորները լավ կանեին՝ մի քիչ էլ ապագայի մասին մտածեին։

ՈՒՂՂՈՒՄ. դեռ մեղադրանք չկա, իսկ 17:00-ին քննվելու է ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը»,-գրել է Մելիքյանը։