ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Հուսիկ Կարապետյանի կողմից հունիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական և դատաբժշկական։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ «BMW»-ի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Գևորգյանը, եղել է ոչ սթափ և չի ունեցել ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայական։ Ոչ սթափ է եղել նաև «Mercedes»-ի վարորդ, Երևանի բնակիչ, 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը, սակայն վերջինիս խմածությունը եղել է թույլատրելի սահմանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն քաղաքացիներին, որոնք վթարի օրը դեպքի վայրում ասում էին, որ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, որը վթարային իրավիճակ է ստեղծել «Mercedes»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ, սակայն եղել են նաև մի քանի քաղաքացիներ, որենք էլ ասել են, որ «Mrcedes»-ի վարորդը, ավտեմեքենան վարելով մեծ արագությամբ, փորձել է «BMW»-ի և «Nissan»-ի մեջտեղով անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը նույնպես ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին «Mercedes», «BMW», «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել էր՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, «BMW»-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն:
Պարզվել էր «Nissan»-ը վարել էր Երևանի բնակիչ, 29-ամյա Լևոն Թորոսյանը, «BMW»-ն վարել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Գևորգյանը, իսկ «Mercedes»-ը վարել էր Երևանի բնակիչ, 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը։
Վթարի հետևանքով Հ. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով դիմել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «Nissan»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, 23-ամյա Կարինա Խուկազը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։
Հունիսի 24-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։
--00—ԼՄ