ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Իրավական ակտերի նախագծերի E-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այն նախատեսում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության պահպանման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման, նրանց՝ առողջ ապրելակերպի ձևավորման և ֆիզիկական կոփման (այդ թվում` մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով), հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման և ուսման վճարի փոխանցման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:»:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը ընդլայնելու նպատակով։
Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում, տրամադրվում՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով։
Սոցփաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը սահմանված է ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), որի N 2 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`
1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.
3) ուսման վճար.
4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում` Որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված չափորոշիչներին համապատասխան:
Վերոնշյալ յուրաքանչյուր ծառայության համար Որոշման կարգավորումներով սահմանված են կոնկրետ չափորոշիչներ և ծառայությունից օգտվելու ընթացակարգ։
Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով, նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով նպաստելով նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը։
--00--ԱԹ