ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24 News
Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի:
Խորհրդի ներկայացուցիչները Նորին Սրբությանը ներկայացրել են կալանքի մեջ գտնվող Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները՝ մտահոգություն արտահայտելով նրա առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:
Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով տիար Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրել է, որ Եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։ Մայր Աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացները իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով և նկատի առնվի նրա առողջական վիճակը: Նորին Սրբությունը նաև գնահատանք է հայտնել Պաշտպանության խորհրդին իրենց մարդասիրական նախաձեռնության համար։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնությամբ ու համազգային ջանքերով հաղթահարվեն մեր ժողովրդին հուզող խնդիրները։
--00--ՍԳ