ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է ընթանում:
Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
24News-ը մեկնեց Երասխ գյուղ՝ բնակիչների հետ զրուցելու և պարզելու, թե այսօր գյուղում կրակոցներ լսվե՞լ են և առհասարակ որքա՞ն հաճախակի են գյուղում կրակոցներ հնչում:
Բնակիչների խոսքով, օրվա տարբեր ժամերին ադրբեջանցիների կողմից կրակոցներ արձակելը դարձել է սովորական: Կրակոցներից ամենաշատը երեխաներն են վախենում, արդեն գիտեն՝ կրակոցի ձայն լսելիս պետք է բակից շուտ տուն վերադառնան:
Այսօր ձայն չեն լսել, ենթադրում են՝ հավանաբար դիպուկահարից է զինծառայողը զոհվել:
Նշում էին, որ հաճախ են կրակոցների պատճառով վնասներ կրում, մի քանի ամիս առաջ հնձած խոտն է այրվել, պետությունից փոխհատուցում չեն ստացել, ասել են՝ բյուջե չկա: Մտահոգություններն ու խնդիրները գյուղում շատ են, բայց լավ գիտեն՝ երասխավանցին իր տունը չի լքի:
Մանրամասները՝ տեսանյութում։