ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Լաչինի միջանցքի՝ շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է։ Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի։ Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ կձևավորվի աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։
«Նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։
Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար»,-ասել է Փաշինյանը։
--00—ՅՄ