ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Սայաթ Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Akura և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Մեսրոպյանն ու Տիգրան Ղալեչյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվում է:
Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են աջակողմյան հատվածի երթևեկելի գոտում:
Փրկարարկները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
--00—ԱՊ