ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Գնացեք և տեսեք, որ Կիրանցի բնակիչները գոհ են սահմանազատումից, հիմա կա հստակություն՝ որտեղ է Հայաստանի տարածքը, որտեղ՝ Ադրբեջանինը, ինչը նվազեցնում է լարվածության հնարավորությունները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որը վերջերս մի խումբ գործընկերների հետ այցելել էր Տավուշի սահմանամերձ հատվածներ ու անձամբ ծանոթացել «սահմանազատված հատվածներին»։
Ըստ Զեյնալյանի, ինքը համաձայն է իր գործընկեր Լուսինե Բադալյանի հետ, որը, այցելելով Կիրանց, գրել էր, թե հպարտ է «սահմանազատման արդյունքներով»։ «Հպարտ եմ, որ այն, ինչ պետք է արվեր 20-25 տարի առաջ, հիմա է արվում»։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների հետևանքով հայկական զինված ուժերը սահմանային Կիրանց ու Ոսկեպար հատվածներում թողեցին մի շարք տարածքներ, որտեղ խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ գյուղեր, ինչի հետևանքով Կիրանց գյուղի տներ և շինություններ, որոնք ունեին ՀՀ-ի կողմից տրված սեփականության վկայականներ, անցան հակառակորդին։
Ընդ որում, Հայաստանն ու Ադրբեջանն այս «սահմանազատումը» իրականացրին՝ հղում անելով Ալմա-Աթիի հռչակագրին։ Երևանում հայտարարեցին, թե մինչև հուլիսի մեկը հստակեցվելու են մնացած հատվածների սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային սկզբունքները, սակայն մինչև հիմա այդ սկզբունքների մասին ոչինչ հայտնի չէ։
Ընդդիմությունն ու մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ այս գործընթացի հետևանքով կազմաքանդվեց Տավուշի պաշտպանական գիծը, սակայն այն շարունակություն չի ունենալու, ադրբեջանական զինված ուժերը չեն լքելու օկուպացված տարածքները Սոթքի, Խոզնավարի, Իշխանասարի և այլ հատվածներում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ