ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62 կմ հատվածում` ժողովրդին հայտնի Լճի խաչմերուկից դեպի Քուչակ տանող հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:
Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Քննիչի հանձնարարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
--00--ԱՀ