ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Իսրայելի իշխանությունները հունիսին կսկսեն Հորդանանի հետ սահմանին նոր արգելափակոցների կառուցումը: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի երեք տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Times of Israel-ը:
Արգելափակոցները պետք է սկսվեն Գոլանի բարձունքների հարավում և ձգվեն մինչև Էյլաթ քաղաքից հյուսիս ընկած Իլան և Ասաֆա Ռամոնների անվան «Թիմնա» օդանավակայան: Սահմանի այն հատվածը, որն ընկած է օդանավակայանի և Էյլաթի միջև, իշխանություններն ամրացրել են 2010-ականներին՝ Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանի հետ միասին:
Նախագծի արժեքը կկազմի 1,4 մլրդ դոլար։ Իսրայելը ցանկանում է Հորդանանի հետ սահմանին հնարավորինս մոտ պարիսպ կառուցել և դիտաշտարակներ կանգնեցնել։
Հորդանանի և Իսրայելի միջև, ինչպես նաև Հորդանանի և Հորդանան գետի Արևմտյան ափի միջև կան միայն մասնակի արգելափակոցներ կա՛մ ցանցե ցանկապատի տեսքով, կա՛մ փշալարերի:
2024 թ. սեպտեմբերի կեսերին Ynet լրատվական հարթակը հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը համալիր միջոցառումներ է մշակում Հորդանանի հետ սահմանին վերահսկողության ռեժիմն ուժեղացնելու նպատակով։
Այն ժամանակ Ynet-ը հայտնել էր, որ վերջին հինգ տարվա ընթացքում մաքսանենգներին հաջողվել է այս սահմանով դեպի Հորդանան գետի Արևմտյան ափ տեղափոխել հազարավոր միավոր զենք՝ ատրճանակներից մինչև ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Իսրայելցի զինվորականները կանխել են զենքի մաքսանենգության հարյուրավոր փորձեր, սակայն ոչ բոլորը։
--00—ՅՄ