ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Միջանկյալ նշենք, որ Օջալանը նման կոչով էր հանդես եկել փետրվարի 27-ին, երբ Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) 7 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել էր Մարմարա ծովի Իմրալը կղզի։ Նշենք, որ 26 տարի է, ինչ Օջալանը դատապարտված է ցմահ ազատազրկման։
Ըստ լրագրողի՝ այս թեմայի վերաբերյալ կան կուլիսային տեղեկություններ։
Նա մասնավորապես նշել է. «Մինչ ակնկալվում է, որ PKK-ն զենքերը վայր կդնի, ես չեմ ուզում եփած ապուրի վրա ջուր լցնել, բայց ասվում է, որ երկու խումբ կարող են ընդդիմանալ PKK-ի՝ զենքերը վայր դնելու որոշմանը, մեկը Իրանի հետ համագործակցող թևն է, մյուսը՝ Դերսիմի խմբավորումը»։
Նա նաև հավելել է, որ ՔԲԿ-ի համագումարին շատ ժամանակ չի մնացել և եթե Քանդիլում ինչ-որ մեկը դիմադրի զենքերը վայր դնելու որոշմանը, նա կդիմադրի Օջալանին։
«Դա կլինի կազմակերպության հիմնադրի կամքի դեմ պատերազմ և ցանկացած ոք, ով դեմ է զենքերը վայր դնելու որոշմանը, կրելու է դրա հետևանքները»,- նշել է Սելվին։
--00--ԱՀ