ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի գործունեությանը եւ հրաժարականի անխուսափելիությանը։
«Առաջարկում եմ շեղվենք հաջորդ ընտրություններով` Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամության։
ՀՖՖ նախագահը հեռանալ չի պատրաստվում, չի մեկնաբանում նաև չհեռանալու մոտիվացիան, թե ինչքան ա պատրաստվում մնալ և այլն։ Մի պահից բոլորիս համար ակնհայտ է դառնում, որ հարցը նոր շանս ստանալու, սխալները ուղղելու մասին չէ, այլ շատ ավելի խորքային թեմաների, խորը կախվածությունների, որոնց մասին խոսալու ժամանակը դեռ կգա․..
Մելիքբեկյանը իրոք ունակ է լավ ծրագրեր և տեսլական գրել, կազմել: Հետ գնալով` իր ծրագրերի մեծ մասը լավն են եղել և դրանց 70-80% իրականացումը կարող էր մեր ֆուտբոլը տեսանելի ոտքի կանգնեցնել։
Ժամանակը ցույց տվեց դրականը իր ֆուտբոլային կարողությունների մասով սահմանափակվում էր այդքանով։ Ինքը կառավարման համակարգ ներդնել չկարողանալով` չկարողացավ հավաքել ֆուտբոլով ապրող պրոֆեսիոնալ թիմ, չկարողացավ կոմունիկացվել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների հետ. խոսքը բոլոր ոլորտների մասին ա՝ առանց բացառության, չկարողացավ փոխել վերից վար նեխած համակարգը, իսկ երբ չհրաժարվեց նախորդ ՀՖՖ նախագահի կաշվե կահույքով սենյակից, 8-երով համարներով S կլասի Մերսեդեսից ու մնացած այլ ժառանգություններից ու սաղ շենքը սկսեց էդ հասարակ տղուն շեֆ ասել` եղած համակարգը խժռեց վերջինիս։ Աթոռը իր ու իր թիմի համար դարձավ ավելի ու ավելի քաղցր։
Այսինքն խոստացած ծրագրերն ու երկարաժամկետ ռազմավարությունը, որ պետք է եռամսյակային մոնիթորինգով իրականացվեին, մի պահից դառնում են անիրականալի՝ թվարկածներիս հանրագումարով։ Սկզբում ինքն իրեն, հետո հանրությանը փորձում է համոզել, որ ձախողումներն ու չիրականացրածի պատճառը մեր երկրի ու աշխարհի տարբեր արհավիրքներն են։
Իսկ գործնականում ՀՖՖ-ն չլքելու կամ վերոնշյալից ուշադրությունը շեղելու ճանապարհը մնում էր մեկը` կենտրոնանալ մեր երկրի միակ ու բարձր պահանջարկ ունեցող ֆուտբոլային պրոդուկտի` ազգային հավաքականի վրա։
2022-ին Նորվեգիայից կրած խայտառակ պարտությունից հետո վերջին անգամ հորդորեցի գալ իրականություն դաշտ` կողպել Խանջյան 27-ում իր սենյակը ու տեղափոխվել ֆուտբոլի բարդակ դարձած ակադեմիա։ Հորդորներս անիմաստ էին. ընտրվել էր բոլոր միջոցներով ազգային հավաքականով երևացող, աչք ծակող, թեկուզ ժամանակավոր, բայց արագ արդյունքի հասնելը։ Յան-ով վերջացող աշխարհի հնարավոր բոլոր մեր հայ, ոչ հայ ու 5 տարի մեր առաջնությունում խաղացած արտասահմանցի ֆուտբոլիստներին ամեն գնով բերելուց բացի, առաջին անգամ Մելիքբեկյանը խառնվեց հավաքականի ներքին հարցերին։ Էս մասով էլ` ուրիշ անգամ․․․
Մի քանի տարի անց` մեր օրերում, երբ հավաքականով ուշադրություն շեղելու մարտավարությունն էլ գնաց ձախողման, երբ ՀՖՖ-ն ներսից վերջնական վերածվել է ավերակների, մշակվեց նոր պլան Ա և պլան Բ, բայց լրիվ նույն հին փրկօղակի կոմբինացիան խաղարկելով։
- ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում հայտնվելը։
- Աշխարհի 2029 թվականի մինչև 20 տարեկանների առաջնության անցկացումը Վրաստանի հետ համատեղ։
Այսինքն դաշտ բերվեց պաշտոնավարումը շարունակելու նոր պատճառներ։
Քո դեմ ամիսներով հնչած ձախողումների մեղադրանքները` ռազմավարության տապալումից մինչև մարզչի ընտրություն, թափանցիկությունից` տարբեր շերտերի հրաժարականի պահանջ, խոստումներդ չիրականացնելու մանրամասն հիմնավորումներ։ Քո անհեռատեսության, իմպոտենտ ղեկավարման արդյունքում Վրաստանի դեմ խաղերին ստեղծված ազգամիջյան բախումների պարարտ հողը թշնամանքի համար, որը որոշ չափով մեր ու վրացական ֆան ակումբների տարած աշխատանքի միջոցով տնային եւ արտագնա խաղերում կանխվեց։ 7 հարկանի գովաբանությունները նվաստացված արդյունքների համար, չանդրադառնալ, չպատասխանել, բայց պատասխանել ՈՒԵՖԱ-ում աշխատանքի անցնելուդ կպնելուն։
Եղբայր, ուզում ես ՈՒԵՖԱ գնաս` գնա, ինչով ուզում ես զբաղվի, բայց ստեղ էլ մնալ չես կարող, կամ որն ա մնալու միտքը։ Ապացուցելու բան չկա էլ, ինչ արել ես, ինչքան արել ես հերիք ա, ավելին էս ներկա վիճակով հնարավոր չի լինելու։ Փակվում ա արդեն էն պորտալը, որով դու դեռ կարող ես գնալ` ասելով փորձեցի, չստացվեց, մի մնա նենց բանի տակ, որ հետո կյանքովդ չես կարողանալու ուղղել, ու դա վերաբերվումա քո թիմից յուրաքանչյուրին, որոնք հավասարապես կրում են պատասխանատվություն։ Մի ստեղծի պրինցիպներ, խոհեմություն ցուցաբերի, որ վաղը քեզ մենակ "գովաբանությունով" մարդիկ չհիշեն։
Վերջինիս մեզ ուղղված մեղադրանքներին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև հստակ գիտեմ, որ նրանք գիտեն մեր տեսակը ուղղորդվող չի, մամուլով ու իրենց լակոտների միջոցով այդ թեզերի դաշտ նետումը պրիմիտիվ, բայց միակը մնացած ինքնապաշտպանողական գործիքն է։
Ամեն դեպքում մի անգամ էլ ուզում եմ վերջին ասուլիսում ասածս կրկնել` անբարոյականներ են բոլոր նրանք, ովքեր տարածում են մեր ուղղորդված լինելու մասին, ովքեր երբևէ փորձել են մեզ ուղղորդել և կամ մեր շարժումից յուրաքանչյուրը, ով շահադիտական նպատակով այս պրոցեսի ընթացքում որևէ նյութական բան է ստացել, կամ անկնկալում։
Չափից շատ խոսվեց ներկա խնդիրների, մետաստազների մասին։ Ժամանակն է խոսել ներկան ճիշտ գնահատելու, այս ծանրագույն վիճակից դուրս գալու ճանապարհների, նոր ֆեդերացիայի մասին, որն էլ լինելու է մեր առաջիկա հիմնական անելիքը»,- գրել է Սերգեյ Ջանջոյանը։
--00—ԱՀ