ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Մարտի 30-ին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպեց Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցության անդամների հետ։ Եկեղեցասիրաց եղբայրակցությունը տարիներ ի վեր Արցախում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված էին արցախահայությանը մոտեցնել Առաքելական Մայր Եկեղեցուն, հաղորդակից դարձնել Եկեղեցու խորհուրդներին, մարդկանց ուղորդել ապաշխարության՝ պարզաբանելով Աստծո փրկագործության ծրագիրը։
2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի հետևանքով արցախահայությունը ստիպված բռնագաղթեց։ Տնավեր, բնավեր արցախցիները զրկվելով հայրենի բնօրրանից, սրբություններից, փորձում են վերագտնել իրենց։ Հավատավոր ժողովուրդը համախբվել է եկեղեցու շուրջ, որ միասնական աղոթք բարձրացնեն առ Աստված։ Եկեղեցասիրաց եղբայրակցության անդամները բռնագաղթից հետո անմիջապես միավորվել են և Եղբայրակցության առաջնորդ Արմեն Մաղաքելյանի ջանքերով շարունակել պարբերաբար հավաքվել, աղոթել, սերտել Աստվածաշունչը՝ միշտ վառ պահելով Արցախ աշխարհ վերադառնալու իղձն ու հույսը։
Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցության առաջնորդ տիար Արմեն Մաղաքելյանի հրավերով Եղբայրակցության անդամներին իր օրհնությունն ու զորակցության խոսքը բերեց գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Անմիջական ու ջերմ մթնոլորտում Արցախի թեմի առաջնորդն անդրադարձավ արցախցիների կենսական նշանակության և հավաքական վերադարձի իրավունքի խնդիրներին։ Այսօր արցախցին զրկվել է ոչ միայն իր հայրենիքում ապրելու իրավունքից, այլև պատմամշակութային ժառանգությունից, սրբություններից, որոնք օրեցօր ոչնչացնում է թշնամին։
Սրբազանը հորդորեց չհուսահատվել, գոտեպնդվել, մնալ մայր Հայաստանում։ Սրբազանի այցը համընկեց Մեծ պահքի հինգերորդ կիրակիի հետ` «Դատավորի կիրակի», ինչի առթիվ նա անդրադարձավ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակին» և հորդորեց այրի կնոջ պես թախանձագին ու անդադար Աստծուց հայցել ողորմություն և մեր իրավունքների վերականգնում։
--00—ՍՊ