ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«Գեղարդ» հիմնադրամ․ Թուրքիայի և Ադրբեջանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը ներառում է նաև կրթությունը, գիտությունն ու մշակույթը։ Ընդ որում՝ այդ ուղղությամբ երկու երկրներն իրականացնում են մի կողմից անջատ, մյուս կողմից՝ մրցակցային քաղաքականություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև գործակցում են միմյանց հետ:
Համատեղ գործողությունները, հատկապես կրթական ծրագրերում, ընդգրկում են լայն շրջանակ, որտեղ առանցքայինը քաղաքական շահերի սպասարկումն է։
«Եղբայրական» այս երկրների միջև կրթության բնագավառում համագործակցությունը մեկնարկել է դեռևս 1990-ական թվականների սկզբից, իսկ խորացել՝ 1993 թվականին՝ Հեյդար Ալիևի՝ Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո, երբ երկիր բերվեց թուրքական կրթական համակարգը։
Թուրքիայում և Ադրբեջանում գործարկված գիտակրթական լայն ծրագրերի էությունը հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել թուրքական «Գիտություն» (Maarif) և ադրբեջանական «Հեյդար Ալիև» հիմնադրամների գործունեությունը։
Ադրբեջանական հիմնադրամը ստեղծվել է Հեյդար Ալիևի մահից հետո՝ 2004 թվականին: Կառույցի նախագահը Մեհրիբան Ալիևան է՝ Ադրբեջանի փոխնախագահը, առաջին տիկինն ու Հեյդար Ալիևի հարսը։ «Ընտանեկան պաշտոնավարման» սկզբունքով՝ հիմնադրամի փոխնախագահը Լեյլա Ալիևան է՝ նախագահ Իլհամ Ալիևի դուստրը: Այս հիմնադրամը գործունեություն է իրականացնում ոչ միայն կրթության, այլև՝ առողջապահության, մշակույթի, սպորտի, տեխնոլոգիաների, բնապահպանության, սոցիալական և այլ ոլորտներում։
«Հեյդար Ալիևի» հիմնադրամը հայտնի է ոչ միայն տարբեր երկրներում սոցիալական-մարդասիրական միջոցառումների քողի ներքո քաղաքական գործընթացների վրա ազդեցությամբ ու ընտրական գործընթացներին միջամտությամբ, այլև՝ հակահայկական քարոզչության տարածմամբ: Հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն Ադրբեջանին բարեկամ երկրների շրջանում, այլև՝ քաղաքական ու տնտեսական որոշակի հակասությունների պատճառով Բաքվի հետ խնդիրներ ունեցող պետություններում: Վառ օրինակներից մեկը Ֆրանսիան է, որտեղ հիմնադրամի արմատավորմանն ի սկզբանե մեծ ուշադրություն է դարձրել անձամբ Մեհրիբան Ալիևան։
Չնայած Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարման բազմաթիվ դրսևորումներին ու դրանց մասին միջազգային արձագանքներին՝ «Հեյդար Ալիևի» հիմնադրամը ներկայանում է որպես կրոնական և էթնիկ համայնքներին նյութապես աջակցող կազմակերպություն՝ իբր ցուցաբերելով «հանդուրժողականություն և հարգանք համամարդկային ու բազմամշակութային արժեքների, ազգային, կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ»։
Թուրքական «Maarif» (թարգմ.՝ «լուսավորություն») հիմնադրամը, ի տարբերություն ադրբեջանականի, հիմնականում կենտրոնացած է թուրքական համայնք ունեցող և Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրներում թուրքական ուսումնական հաստատությունների ստեղծմանը, թուրքական մշակույթի և կրթական քաղաքականության տարածմանը: Հիմնադրամը տրամադրում է կրթական և մշակութային տարբեր ծառայություններ, այդ թվում՝ կրթական նյութերի ու ծրագրերի մշակում, ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստում, մշակութային միջոցառումների կազմակերպում՝ նպատակ ունենալով մեծացնել Թուրքիայի ազդեցությունը կրթության և մշակույթի բնագավառներում: Գործելով աշխարհի 54 երկրներում՝ այս հիմնադրամի շահառուներ են ավելի քան 50 հազար սովորողներ և հազարավոր մանկավարժներ: Կրթամշակութային ծրագրերի իրականացմամբ առաջ մղելով թուրքական «փափուկ ուժի» քաղաքականությունն աշխարհի տարբեր երկրներում՝ «Maarif»-ը լուծում է նաև Թուրքիայի իշխող ուժի քաղաքական շահերի սպասարկման խնդիրը:
Ստեղծվելով 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ռազմական հեղաշրջման փորձի հաջորդ օրը, հիմնադրամն ստանձնել է նաև այդ հեղաշրջման կազմակերպիչների (FETÖ) արտասահմանյան գործունեության դեմ պայքարի առաքելությունը: Ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած խմբերի կողմից տարբեր երկրներում ստեղծված դպրոցները հեղաշրջման փորձի ճնշումից հետո հարկադրաբար անցան «Maarif»-ի կառավարմանը: Իսկ այն երկրներում, որտեղ ի հայտ եկան դժվարություններ, նախագահ Էրդողանն անձամբ կոչ արեց «FETÖ»-ի դպրոցներ ունեցող պետություններին փակել դրանք կամ փոխանցել «Maarif»-ին: Թուրքիայի նախագահի կոչը ոչ միանշանակ ընդունվեց նույնիսկ մտերիմ գործընկերների, մասնավորապես՝ Ղրղզստանի և Ադրբեջանի կողմից: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նույնիսկ դժգոհեց Ղրղզստանից՝ նշելով, թե «FETÖ»-ն դպրոցների միջոցով ներթափանցում է եղբայրական երկրների պետական ինստիտուտներ: Նրա խոսքով՝ գյուլենականները Ղրղզստանում սողոսկել են ամենուր։ Կենտրոնական Ասիայում «փափուկ ուժի» ծավալումն ապահովելու և 2016 թվականից հետո վատթարացած հարաբերությունները Ղրղզստանի հետ կարգավորելու համար պահանջվեց անձամբ Էրդողանի պաշտոնական այցը Բիշքեկ, ինչից հետո միայն հնարավոր դարձավ թուրք-ղրղզական համագործակցությամբ ստեղծված և Գյուլենի կողմից ֆինանսավորվող «Սապատ» դպրոցների կառավարման գործառույթների փոխանցումը «Maarif»-ին։
Ղրղզստանի հանդեպ վերոնշյալ դժգոհությունն Էլմար Մամեդյարովին փոխանցելիս Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանին ակնարկել էր, որ այստեղ նույնպես գյուլենականներ են ներթափանցել: Կոչ անելով ուշադիր հետևել Ադրբեջանում այդ գործընթացներին՝ Չավուշօղլուն միաժամանակ աջակցություն էր խնդրել Բաքվից՝ մասնավորապես Աֆրիկայում գործող գյուլենական դպրոցները «Maarif»-ի տնօրինմանը փոխանցելու համար։ Նույն հանդիպման ժամանակ խոսվել էր նաև Ադրբեջանում «Maarif»-ի դպրոցներ հիմնելու մտադրության մասին: Սակայն Բաքվում այդպիսի դպրոց բացվեց միայն 2022 թվականին։ Դատելով բացման արարողության ժամանակ հնչեցված ելույթների բովանդակությունից՝ ակնհայտ է դառնում, որ այդպիսի դպրոցի բացումն Ադրբեջանում հնարավոր է դարձել 2021 թվականի Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո միայն:
«FETÖ»-ի մասին ակնարկը՝ շուրջ 50 երկրներում «Maarif»-ի դպրոցներ հիմնել, հետո՝ միայն Բաքվում այդպիսի հաստատության ստեղծումը, Շուշիի հիշատակումն ու դպրոցի գործունեությամբ երկու երկրների հարաբերությունների խորացումը հուշում են, որ «Maarif»-ի մուտքն Ադրբեջան «հեշտությամբ չի եղել»: Սակայն, ընդհանուր շահերի բերումով, արտաքին ասպարեզում թուրքական և ադրբեջանական հիմնադրամների գործակցությունը դարձել է փոխշահավետ միջոց՝ մի կողմից առաջ մղելու իրենց հետաքրքրությունները, մյուս կողմից՝ պայքարելու ընդհանուր հակառակորդների դեմ։ Վերջինի տրամաբանության տիրույթում են նաև հակահայկական միջոցառումները, որտեղ առանցքային դերակատարը «Հեյդար Ալիևի» հիմնադրամն է։ Հաշվի առնելով «Maarif»-ի՝ արդեն նախկին նախագահ Բիրոլ Աքգյունի հայատյաց վարքագիծը, նաև՝ Ադրբեջանում նրան Թուրքիայի դեսպան նշանակելու փաստը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք համատեղ գործելու վտանգավոր միտումների հետ:
2024 թվականի դեկտեմբերի 9-ին Վրաստանում՝ Մառնեուլում գործող «Ադրբեջանական տանը», «Մեծության գագաթը՝ Հեյդար Ալիև» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի և Հեյդար Ալիևի մահվան 21-րդ տարելիցի հիշատակի արարողության համատեղ կազմակերպումը «Հեյդար Ալիև»-ի և «Maarif»-ի գործակցության դրսևորումներից է։ Թուրքական և ադրբեջանական հիմնադրամները Հայաստանի հետ սահմանակից երրորդ երկրում նմանատիպ միջոցառում են անցկացնում, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը գովերգում է «Ադրբեջանի անկախությունը, վերածնունդն ու առաջընթացը», իսկ Վրաստանի «Maarif»-ի ներկայացուցիչը հիշեցնում է, որ «հենց Հեյդար Ալիևն է դրել եղբայրական Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության հիմքը»։
Փաստորեն՝ դեռևս 1990-ական թվականներից, հետևողականորեն դնելով կրթության ոլորտում երկու երկրների հարաբերությունների և համագործակցության հիմքերը, Թուրքիան և Ադրբեջանն սկսել են կրթական ու մշակութային ծրագրերի միջոցով քաղաքական ազդեցության տարածման ու վարկանիշի բարձրացման արշավ: Դրանք ուղղորդվել են ոչ միայն ընդհանուր շահերի, հակահայկականության, Վրաստանում, աֆրիկյան և այլ տարածաշրջաններում համատեղ գործակցության արդյունավետ միջոցներով, այլև՝ իշխող ուժերի միջև հակասություններով։
--00—ՍՊ