ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Բաեկ Սուկհիի հետ: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության լրատվական բաժնից։ Կողմերը քննարկել են համատեղ զարգացման ծրագրեր իրականացնելու հեռանկարները և հնարավորությունները:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Կորեայի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ծրագրի համար, որի շրջանակներում Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ուլտրաձայնային սարքավորումներ և հանձնելու մարզային բժշկական կենտրոններին:
Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահն առաջարկել է հայ մասնագետներին մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին` մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար, ինչը ողջունվել է Արսեն Թորոսյանի կողմից:
Հանդիպմանը քննարկվել է նաև ապագայում ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: