ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված ներքաղաքաան իրավիճակին և մի շարք առաջարկություններ արել:
«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, կարևորելով կենսագործունեության տարբեր ոլորտներին թիրախավորված և հասցեական պետական աջակցության ցուցաբերումը, անհրաժեշտ համարելով տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության կայունության և անընդհատության ապահովումը.
«Մեկ Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում կատարել հետևյալ հավելյալ միջոցառումները.
1. Ընդունել ՀՀ կառավարության որոշում վարձակալության հանձնված պետական և համայնքային սեփականություն համարվող գույքի և հողերի դիմաց առաջիկա վեց ամիսների համար վարձավճարները չեղարկելու մասին:
2. Վարձատուների կողմից վարձակալության հանձնված մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների չեղարկում առաջիկա երեք ամիսների համար` մինչև տարեվերջ վարձավճարերից գանձվող եկամտային հարկից ազատման պայմանով:
3. Վերացնել անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկը վերադարձնելու առավելագույն շեմը՝ վերադառնալով օրենքի նախնական կարգավորման տարբերակին:
4. Պետական և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից հատկացնել բազմաֆունկցիոնալ շինությունների կառուցման համար հողատարածքներ, մշակել ճարտարապետական-շինարարական նախագծեր՝ դրանք փաթեթով կառուցապատողներին մատչելի գներով վաճառելու համար:
5. Նշված հողատարածքների համար պետության միջոցներով ապահովել կոմունիկացիոն ցանցի ձևավորումը. ճանապարհներ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կոյուղի։
Նշված միջոցառումների արդյունավետ և հաշվարկված իրականացումը ՀՀ-ին հնարավորություն կտա մի կողմից պահպանել անշարժ գույքի շուկան, իսկ մյուս կողմից բարենպաստ պայմաններ կստեղծի հետհամաճարակային տնտեսությունը արագ վերականգնելու համար։
Առողջություն և համբերություն բոլորիս»։