ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ թոքերի օդափոխության սարքեր ձեռք բերելու նպատակով:
«Համավարակի բռնկումն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգին ստիպեց արագ մոբիլիզացնել ուժերն ու օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ բուժում ստանան ժամանակին»,- նշել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սա իսկապես լուրջ աջակցություն է և մարդասիրական քայլ «Ավրորայի» կողմից: Մեր պետության արձագանքն առողջապահական այս ճգնաժամին եղել է համարժեք»:
Նախարարը երախտագիտության խոսք է ուղղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը այս համատեքստում օգնության համար:
Նշենք, որ ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել էր «Ավրորայի» մտադրությունը՝ աջակցել համաճարակի դեմ պայքարին, օգնել աշխարհին հաղթահարել այս ճգնաժամը: Նախաձեռնությունը խոստացել էր #AraratChallenge շարժման հանգանակություններն ուղղել Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի օդափոխության սարքեր: Ըստ Նվիրաբերության պայմանագրի՝ ձեռք բերված սարքերից առնվազն մեկը տրամադրվելու է Արցախի հիվանդանոցներից մեկին: