ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչությունը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ՝ COVID-19-ի համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի՛ գործընկերներ,
COVID-19 հիվանդության հարաճուն տարածումը հանրային առողջապահական խնդիր լինելուց վերաճել է սոցիալ-տնտեսական մարտահրավերի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Մերօրյա պանդեմիան համայն մարդկության համար ստեղծել է մի նոր իրավիճակ, որի լուծումը տարբեր գաղափարների, ցանկությունների և ջանքերի միաձուլումն է:
Մենք խոնարհվում ենք շուրջօրյա լարված աշխատանքներում ներգրավված մեր բուժաշխատողների և առողջապահության ոլորտի մյուս մասնագետների առջև, հպարտանում ենք գիտագործնական արշավ նախաձեռնած մեր առողջապահական ոլորտի կրթասյուներ Երևանի պետական բժշկական համալսարանով ու Առողջապահության ազգային ինստիտուտով։ Մեր հիացմունքն ենք հղում բոլոր կամավորներին, անշահախնդիր բարեգործներին և օգնության ձեռք մեկնողներին:
Մենք ողջունում ենք մեր կառավարության, հատկապես առողջապահության նախարարության արդար ջանքերը՝ ուղղված համաճարակի զսպմանը: Մի կողմ թողնելով հնարավոր բացթողումները՝ մենք համոզված ենք, որ սա այն պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին: Ձեռք մեկնել, այլ ոչ թե հարվածել, օգնել՝ ոչ թե վնասել:
Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար կոչ ենք անում մի կողմ թողնել քաղաքական կամ անձնական շահերն ու մոտեցումները, միավորել մեր միտքն ու գործը և սատար կանգնել իշխանություններին: Խուճապը փոխարինել կարգապահությամբ, անտարբերությունից արթնանալ որպես գործուն աջակիցներ և առաջնորդվել միայն հանրային շահով:
Բոլորիցս և մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր տարեցների առողջությունն ու մեր երեխաների բարօրությունը: Մեզնից յուրաքանչյուրից և բոլորիցս է կախված, թե ինչպիսի հույզերով ենք տարիներ անց վերհիշելու այս օրերը:
Հայկական բժշկական ասոցիացիայի անդամ ավելի քան 1000 բժիշկներ, ինչպես մեր բոլոր գործընկերները, կոչմանը հավատարիմ, իրենց պարտքն են կատարում ամենօրյա աշխատանքով։ Միաժամանակ մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել COVID-19-ի համաճարակի դեմ տարվող այն ծրագրերում, որտեղ հարմար կգտնի մեր պետությունը»: