ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News
Վրաստանը քննարկում է Հայաստանին օգնելու հարցը: Վարչապետն արդեն հանձնարարություն է տվել առողջապահության նախարարության Հայաստան բժիշկների խումբ գործուղելու համար:
«Առողջապահության նախարարությունն ստացել է առաջադրանք և պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան, հայտնում է 1tv.ge-ն։
Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:
«Մեր հարևան երկրներում վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության և էկոնոմիկայի նախարարները, արտգործնախարարը, և մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունը անչափ կարևոր է»,-հավելել է Գախարիան:
Նշենք նաև, որ առավոտյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախևառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով իրականացնելու հարցում:
--0—LՄ